Մայիսի 31-ին, երեկոյան ժամը20:00, օպերայի JAZZVE սրճարանում հավաքվել էին ջազասեր ունկնդիրներ՝ վայելելու Զառա Մարկոսյանի ելույթը: Երգչուհին մենակ չէր բեմում, նրա հետ էին ՙՙՙ ՙ The Lighting Band”-ի տղաները. ստեղնաշար՝ Գարիկ Սարիբեկյանը, բաս-կիթառ՝ Սուրիկ Զաքարյանը, սաքսոֆոն Արթուր Եղիազարյանը, հարվածային գործիքներ՝ Գևորգ Չարչյանը և գիտարիստ Արթուր Սողոյանը:
Նախքան համերգը կարճ զրույց ունեցանք երգչուհու հետ, որի ընթացքում անդրադարձանք նրա անցած ճանապարհին: Մանկության մասին խոսելիս երգչուհին ժպտաց և ասաց.
-Երեխա ժամանակ շատ եմ սիրել ֆուտբոլ, չարաճճի աղջիկ եմ եղել, բայց տատիկիս շնորհիվ, ով իդեպ դաշնակարուհի էր, ես սիրեցի երգն ու երաժշտությունը, որի համար անչափ շնորհակալ եմ նրան: Մանկուց երգել եմ, մասնակցել եմ շատ մանկական մրցույթների, որոնցից ամենից շատ իմ մեջ տպավորվել է Արձագանք ստուդիայի կողմից կազմակերպված “Անուրջներ” մրցույթը: Կրթություն եմ ստացել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում որպես ջազ-վոկալիստ: Առաջին մասնագիտությամբ դաշնակահարուհի եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ երգչուհի, շատ եմ սիրում երգել: Ի դեպ նշեմ, որ ինձ համարում են Jazz երգչուհի, բայց ես երգում եմ նաև Soul, Rock, Pop: Մասնագիտության հետ կապված ասեմ նաև, որ ես հիմա էլ դեռ սովորելու ընթացքի մեջ եմ, ուսանողուհի եմ, ով երազում է իրավաբան դառնալ:
Պլանների մասին խոսելիս երգչուհին ասաց.
-Ասեմ, որ վերջերս VTB բանկի հետ համատեղ ձայնագրեցինք CD,“JAZZ WITH ME” անվանմամբ, որի մեջ միայն Cover-ներ էին տեղ գտել: Դրանից հետո իմ մեջ ցանկություն առաջացավ թողարկել CD, որտեղ կլինեն միայն իմ հեղինակային երգերը, ինչպես նաև տեսահոլովակ, որտեղ էլ կտեսնեն Զառա Մարկոսյան երգչուհուն, այլ նաև կլասիկ դաշնակահարուհուն: Նշեմ նաև, որ իմ բոլոր պլանները ես պատկերացնում եմ իրականացնել Band-ի տղաների հետ, որովհետև նրանք իմ երաժշտական ընտանիքն են: Եվ վերջում երգչուհին ցանկացավ հատուկ շնորհակալություն հայտնել իր առաջին ուսուցիչ Վլադիմիր Վլադիմիրովիչ Լյուբիմովին, ով ,ցավոք, այսօր չկա, Band-ի տղաներին, JAZZVE սրճարանի տնօրինությանը, ինչպես նաև հատուկ շնորհակալություն Սիլվա Ղամբարյանին՝ գեղեցիկ ջազ երեկո կազմակերպելու համար, Անահիտ Սիմոնյանին՝ գեղեցիկ look- ի համար, Mezzo Music House-ի տնօրինությանը՝ իր ելույթի համար, ինչպես նաև Malkhas Jazz ակումբին: