Այսօր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը հյուրընկալել էր ԱՄՆ-ում նկարահանված «Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կինոկատակերգության ռեժիսոր Արթուր Բաբայանին, պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանին և գլխավոր դերակատար Միքայել Շարաֆյանին:
Ֆիլմի պաշտոնական թրեյլերից հետո լոսանջելեսաբնակ ռեժիսորը ներկայացրեց ֆիլմի նկարահանման ընթացքը՝ մտահղացումից մինչև դերասանների ընտրություն:
Ռեժիսոր Արթուր Բաբայանը, խոսելով ամերիկյան կինոմատոգրաֆիայի գաղտնիքների և ներկայիս պահանջների մասին, նկատեց՝ ֆիլմի նկարահանման գործում չափազանց կարևոր է ֆինանսական կողմը, որը գործի կեսն է, սակայն պակաս կարևոր չէ նաև ասելիքը:
Ուսանողներին իր դերասանական կարիերայի սկզբի և իր հիմնական՝ հագուստի ձևավորման մասնագիտության մասին խոսեց նաև հայ-ամերիկյան արտադրության ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերասան Միքայել Շարաֆյանը. վերջինս, ի դեպ, հայտնի դերասան Լևոն Շարաֆյանի որդին է:
Հանդիպմանը ներկա ուսանողները հյուրերին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ հայ երիտասարդների հետ համագործակցության, նույն ժանրի այլ ֆիլմերի հետ տարբերության, ինչպես նաև ստեղծագործական խմբի հետագա անելիքների վերաբերյալ: