Օրերս եղանք Երևանի ԿՄԱ ավագ դպրոցի դասարանների միջև անցկացվող մրցույթին, որին ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդականը՝ Մաջիդ Մեշքին: Երեք դասարաններ ներկայացնում էին Իրանը, Մեքսիկան և Ճապոնիան: Աշակերտները բավականաչափ տեղեկություններ հաղորդեցին այդ երկրների` աշխարհում ունեցած տեղի ու դերի, դարերի ընթացքում ստեղծած մեծագույն համամարդկային արժեքների մասին:
Մրցույթից հետո ներկա եղանք նաև բաց դասին: Ե´վ մրցույթը, և´ բաց դասը շատ հետաքրքիր և ուսանելի էին: Մեր այն հարցին, թե ու՞մն էր մրցույթի նախաձեռնությունը, տնօրենն ասաց, որ այդպիսի միջոցառումները դպրոցում հաճախ են անցկացվում, դա իրենց աշակերտների առօրյան է, և նախաձեռնողները հենց աշակերտներն են: Այն հարցին, թե ի՞նչ են տալիս այդ մրցույթները, տիկին Աննա Հարությունյանն ասաց, որ դրանք շատ կարևոր և անհրաժեշտ են, քանի որ նպաստում են աշակերտների աշխարհաճանաչողությանը, բարձրացնում նրանց աշխատասիրությունն ու ձգտումները, ինքնավստահությունը իրենց ուժերի ու կարողությունների նկատմամբ:
Իրոք, և´ բաց դասի, և´ միջոցառման ընթացքում նկատելի էին աշակերտների հստակ պատասխաններն ու վերլուծություններն այս կամ այն հարցի վերաբերյալ, ինքնուրույն դատողությունները, սահուն և գրագետ խոսքը, լեզուներ սովորելու և իմ անալու ձգտումը: Խոսեցինք նաև դպրոցի հետագա ծրագրերի մասին: Տնօրենն ասաց,որ աշխատանքներ են տարվում վերականգնելու տարիներ առաջ գործող կրտսեր և միջին դպրոցը: Դա մեծ ձեռքբերում կլինի թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների ու ծնողների համար և կնպաստի ավելի համակարգված ու կայուն գիտելիքներ տալու գործին: Ամառային արձակուրդների ընթացքում ևս նախատեսվում է անցկացնել ընդհանուր զարգացմանը նպաստող պարապմունքներ,որը նույպես հաճելի անակնկալ կլինի աշակերտների ու նրանց ծնողների համար:
Զրույցի վերջում հաջողություն մաղթեցինք դպրոցի տնօրենին ու մանկավարժական անձնակազմին` վերոհիշյալ ծրագրերի իրականացման գործում: Ահա ձեզ ենք ներկայացնում բաց դասերի ընթացքում կատարած լուսանկարները:
{gallery height=115 crop=1 maxcount=15}event/kmaavagdproc{/gallery}