Հանդիսատեսի դատին ներկայացվեց «Արմատներ» ֆիլմը ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում, որը ներկայացնում է եղեռնից մազապուրծ մի հայ երիտասարդ զույգի սիրո պատմությունը։
Կարծում եմ, որ Ֆիլմի ստեղծողները շատ կարևոր ու շնորհակալ գործ են արել Մեծ եղեռնի տարելիցի շեմին։ Այս ֆիլմի հետագա ցուցադրությունների միջոցով հայի և հայության դեմ կատարած ոճրագործությունների մասին կիմանա աշխարհի մարդկությունը, քանի-որ աշխարհի ոչ բոլոր մարդիկ գիտեն այն ամենի մասին, ինչ կատարվել է հայերի դեմ։
Այս կարգի գործերը անհրաժեշտ են, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերում բոլորը իմանան հայերի դեմ կատարված և այսօր էլ կատարվող ոճիրների մասին։
Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:
Նրանք ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերունդն են, որ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս՝ չեն մոռացել իրենց անցյալի և արմատների մասին:
Գեղեցիկ սիրո պատմությանը զուգահեռ «Արմատներ» ֆիլմն անդրադառնում է 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը:
Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:
Դերերում՝ Անդրանիկ Բաբայան, Մերի Մկրտչյան, Ռոզի Ավետիսովա, Գրիգոր Բաղդասարյան, Իշխան Ղարիբյան, Վարդան Հովսեփյան, Տաթև Հովակիմյան, Թեհմինե Խաչատրյան, Արփինե Իսրայելյան, Արման Նավասարդյան և ուրիշներ:
Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
Բեմադրող ռեժիսոր ՝ Վահե Յան
Բեմադրող օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան
Կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան
{gallery height=115 crop=1 maxcount=10}event/armatner{/gallery}