<<Ծաղիկ, ծաղիկ>> տեսահոլովակի բացահայտումները...
Այսօր, 21-րդ դարում, հայերս խնդիր ունենք աշխարհին ներկայանալու, որպես հին մշակույթ ունեցող գիտության ու արվեստի բնագավառում բազմաթիվ հանճարեղ անհատներ տված մի ժողովուրդ, որին մյուս ազգերը դեռևս չեն ճանաչում:
Ժողովուրդների մերձեցման ու հաշտեցման գործում առանձնահատուկ դեր ունի երաժշտությունը, որի լեզուն համամարդկային է, հասկանալի բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից:Այս տեսակետից ուշագրավ մի աշխատանք է կատարել երաժիշտ Վարուժան Շահբազյանը:
Վարուժան Շահբազյանը երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, իսկ վերջերս վերադարձել Երևան՝ աշխատելու հայրենիքում: Այս օրերին էլ տեղի ունեցավ նրա նոր տեսահոլովակի շնորհանդեսը:
<<Ծաղիկ, ծաղիկ>> ժողովրդական երգի մոտիվներով հանդիսատեսի դատին ներկայացվեց չափազանց հետաքրքիր մի աշխատանք:
Վարուժան Շահբազյանի շնորհիվ հավաքվեց մի թիմ՝ ռեժիսոր Գագիկ Ավետիսյան, օպերատորներ Դավիթ և Սարո Դավթյաններ, դհոլահար Արամ Նիկողոսյան, պարուհի Լարիսա Հակոբյան, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց մի հետաքրքիր գործ, որը գոհացրեց և՛ Վարուժան Շահբազյանին, և՛ բոլորին: Տեսահոլովակի ստեղծման բոլոր մասնակիցները իրենց շնորհակալությունը հայտնեցին երաժշտին՝ Վարուժան Շահբազյանին, ով էլ իր հերթին փոխադարձաբար գոհ ու շնորհակալ էր նրանցից:
Հայկական դհոլի, կովկասյան հարմոնի և իսպանական մոտիվներով հայկական ազգային երաժշտության միախառնումը ստեղծեց հետաքրքիր մի կոլորիտ, որը հասկանալի ու հաճելի է և՛ հային, և՛ իսպանացուն, և՛բոլոր ազգերին:
Վ. Շահբազյանի հետ հարցազրույցի ընթացքում, պարզվեց, որ շատ մոտ ապագայում կթողարկվի նրա կողմից նոր ձայնասկավառակ, որտեղ կներկայացվի հայկական երաժշտություն՝ միքսված տարբեր ժողովուրդների ազգային ելևէջներին:
Երաժիշտը նշեց նաև, որ Արամ Նիկողոսյանի, Լարիսա Հակոբյանի հետ կլինեն բարեգործական համերգներ մանկատներում և ծերանոցներում:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/caxikcaxik{/gallery}