2018-ի առաջին նկարահանումը սկսեցինք երգիչ Սեդրակ Պապյանի նոր՝ Մի տարի երգի տեսահոլովակի նկարահանումով, որն իրենից ներկայացնում է գեղեցիկ սիրո պատմություն: Նշեմ, որ լայնածավալ նկարահանումներին մասնակցել էր մեծ թիմ՝ սիրո գեղեցիկ պատմությունը ներկայացնելով ամենագունեղ ու հետաքրքիր տարբերակներով: Գլխավոր հերոսին մարմնավորում է հայտնի և սիրված դերասան Արման Նավասարդյանը: Հերոսն ապրում է սեփական պատկերացումներով ստեղծած միջավայրում մինչև այն պահը, երբ պատահական սիրահարվում է: Գլխավոր հերոսուհին, ում մարմնավորել է դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը, դեղագործ է, և նրանց սիրո պատմությունը ստանում է արկածային, անհավանական և հետաքրքիր ընթացք:
Սեդրակ Պապյանի նոր երգը ուրախ՝ ժողովրդական գործիքավորում ունի: Սյուժեի ընտրությունն ու աշխատանքին այսպիսի տրամադրություն հաղորդելը պատահական չէր. նպատակը ուրախ, սիրային գեղեցիկ պատմություն ցույց տալն էր: Հատուկ կերպարով տեսահոլովակում ներկայանում է նաև ֆիթնես մարզիչ, դերասան Լևոն Հովհաննիսյանը։
Մտացածին աշխարհ, երևակայական պատկերներ, ռետրոյի և ֆուտուրիստականի համադրություն։ Արդյունքում՝ գեղեցիկ և տարբերվող աշխատանք, որը շատ շուտով հասանելի կլինի բոլորին։ Տաղավարների հատուկ ձևավորումն իրականացրել է դիզայներ Աննա Մուրադյանը։ Հերոսների արտաքին տեսքով զբաղվել է ոճաբան դիզայներ Արմեն Գալյանը։ Պարային բեմադրությունն ապահովել է Մագա Դանսը։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, իսկ այս նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Վրույր Թադևոսյանն է: Դե ինչ, դուք հետևե՛ք նկարահանման ժամանակ մեր լուսանկարչի կողմից ֆիքսած ընթացիկ կադրերին, իսկ մենք սպասենք տեսահալովակի ավարտական տարբերակին, որպեսզի մեծ սիրով այն ներկայացնենք Ձեզ։